ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պարույր Սևակը և Ղարաբաղը

Պարույր Սևակը և Ղարաբաղը
22.06.2023 | 16:10

Եթե երբևէ լինեք Արարատի մարզի Զանգակատուն գյուղում գտնվող Պարույր Սևակի տուն- թանգարանում, ապա այցելուների մատյանում, որտեղ բանաստեղծի հարյուրավոր երկրպագուներ իրենց ջերմ ու անկեղծ տպավորություններն են արձանագրել, կարող եք կարդալ մի գրառում, որն արվել է 1992 թվականի մայիսին` Շուշիի ազատագրումից հաշված օրեր անց: Այնտեղ գրված է.

«Արցախի ազատագրագրման պայքարի սկիզբը գալիս է Սևակից: Հավերժ փառք իր գաղափարներին:

Արցախի ազատամարտիկներից,

22-ը մայիսի 1992 թ.»:

Սրանք սոսկ հավուր պատշաճի ասված խոսքեր չեն և ոչ էլ բանաստեղծի անուղղակի դերակատարությունը փաստող խոստովանություն: Որքան էլ մեծ լինի Սևակի գրչի ներգործությունը ազգային գիտակցության ձևավորման գործում, նրա անմիջական մասնակցությունը նույնպես եղել է խիստ էական ու հետևողական:

Եվ պատմությունն ու վկայությունները գալիս են ապացուցելու նաև այս ճշմարտությունը: Պարզապես տարիներ շարունակ այդ մասին բարձրաձայն խոսելու կամ գրելու հնարավորությունն է եղել սահմանափակ, և մարդիկ այսօր քիչ բան գիտեն այն մասին, թե ինչ է արել Պարույր Սևակը Ղարաբաղի համար և Ղարաբաղում: Իսկ նմանօրինակ փաստերը բավականին շատ են: Մենք կպատմենք դրանցից ընդամենը մի քանիսը, բայց նույնիսկ այս սեղմ շարադրանքը բավարար է պատկերացում կազմելու բանաստեղծի համարձակ գործունեության մասին:

Քաջ հայտնի է, որ 1966 թվականին մի խումբ հայ մտավորականներ նամակ հղեցին Խորհրդային Միության ղեկավարությանը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու առաջարկով: Ահա այդ պատմական նամակն ամբողջությամբ.

«ԽՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Լ.ԲՐԵԺՆԵՎԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍՆԵՐԻ ԿԵՆՏԿՈՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐ Վ.ԱԽՈՒՆԴՈՎԻՆ ԵՎ Ա.ՔՈՉԻՆՅԱՆԻՆ

Օգոստոս, 1966 թ. Երևան

Լեռնային Ղարաբաղի ազգակիցներին Հայկական ԽՍՀ կազմում մեզ հետ ուս ուսի մեր միալեզու ազգային մշակույթը, գիտությունն ու տնտեսական կյանքը զարգացնել տեսնելու հայ ժողովրդի նվիրական, խոր ու անկեղծ երազանքը լիովին համընկնում է լենինյան մեծ սկզբունքների հետ։

Ղարաբաղը Հայաստան է տարածքով և ազգային կազմով, Հայաստան է կենսաձևով, հոգևոր կերտվածքով և կենցաղով։ Ղարաբաղի պատմությունը Հայաստանի պատմությունն է. հայկական է Ղարաբաղի լեզուն, արվեստը և գրականությունը։ Եվ քանի որ գոյություն ունի Հայկական ԽՍՀ, նպատակահարմար չէ նրա անբաժանելի մասը արհեստականորեն կտրել Խորհրդային Հայաստանից։

Հավատում ենք, որ դուք կդառնաք այս հարցի լուծման նախաձեռնողները։

Մենք համոզված ենք, որ այս հարցի լուծումը էլ ավելի կամրապնդի մեր ժողովուրդների համագործակցությունը, իսկ սահմանների անհրաժեշտ ճշտումը մեկ անգամ ևս կապացուցի մեր ժողովուրդների եղբայրությունը և կապիտալիստական աշխարհին ցույց կտա, որ սոցիալիզմի երկնակամարի տակ իշխում է փոխըմբռնման ոգին, որ ազգամիջյան բոլոր հարցերը վճռում են կոմունիստական բարձր գիտակցականությամբ։ Մենք երկյուղածությամբ ենք փայփայում մեր լինելիության հիմքերի հիմքը՝ մեր բարեկամությունը։ Մեր երկու ժողովուրդները հոգեբանորեն վաղուց են հասունացել հարցի նման լուծման համար։ Դեռ ավելին, մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հոգու խորքում համոզված է հայ եղբայրների պահանջների արդարացիության մեջ։ Մեր երկու ժողովուրդները հոգեբանորեն պատրաստ են հարցի նման լուծմանը, քանի որ խորհրդային կարգերի 50 տարիների ընթացքում մենք դաստիարակվել ենք ինտերնացիոնալիզմի ոգով, եղբայրության ոգով։ Մենք արմատախիլ ենք արել ազգամիջյան հակակրանքներն ու նախախորհրդային շրջանի բացասական տրամադրությունները և նման հարցերի վճռման ժամանակ պետք է հենվենք ոչ թե ինչ-որ մտացածին տարաձայնությունների, այլ մեր կոմունիստական փոխըմբռնման և անկեղծ համագործակցության վրա։

Մենք առավել քան համոզված ենք, որ այս հարցի լուծումը վստահելի ձեռքերում է, և խիստ ցանկալի կլինի, որ այն համընկներ Հայաստանում խորհրդային իշխանության կարգերի հաստատման տարելիցին»։ (ՀԱԱ, Ֆ.1, ց. 46, գ. 65(բ), թ.1, 2)։

Իսկ թե ինչպես ծնվեց ու կյանքի կոչվեց այդ նախաձեռնությունը, սա արդեն միանգամայն այլ պատմություն է, և պատմությունն այն մասին, թե հիշյալ նամակը ստորագրելուց զատ Սևակն ինչ առնչություն է ունեցել դրա նախաձեռնմանը:

Ճանաչված նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ մեր հանդիպումը կայացավ նրա մահից մի քանի ամիս առաջ: Զրույցի ժամանակ խնդրեցի պատմել նաև այդ տարիների մասին: Եվ այսօր ձայնագրված ժապավենի վրա մնացել են նկարչի հուշերը, որոնց սղագրության մի հատվածը ներկայացնում ենք ստորև.

«… Ղարաբաղի հարցով հայտնի նամակը մեր տանն ենք գրել: Երբ 1966-ին Ղարաբաղի խնդիրը մեջտեղ եկավ, Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանը մեզ կանչեց իր տուն: Նրա կինը Պարույրի հետ էր սովորել: Մեզ հավատացրեց, թե իբր Կենտկոմում նա է այդ գործը գլխավորում: Հետո իմացանք, որ դա բոլորովին էլ այդպես չէր: Իրականում Կենտկոմից նախաձեռնությունը խրախուսում էին Քոչինյանն ու Տեր-Ղազարյանցը: Նիկոլայ Ենիկոլոպով կար՝ Ենիկոլոպյան, ակադեմիկոս, քիմիկոս: Ստեփանակերտցի էր: Ես Մոսկվայից ծանոթ էի նրա հետ: Սա եկավ Երևան, երբ արդեն լուր էր տարածվել, թե իբր Ղարաբաղը հանձնելու են Հայաստանին: Խոսում էին, թե Բրեժնևն ասել է, որ անարդարություն է եղել և Քոչինյանին հանձնարարել էր գործերը պատրաստել Քաղբյուրոյի քննարկմանը ներկայացնելու համար: Ենիկոլոպովին ես ծանոթացրեցի Պարույրի ու Վարագ Առաքելյանի հետ: Նա ասաց, որ ինքն էլ է ցանկանում մեզ օգնել, քանի որ ինքն էլ ղարաբաղցի էր, և Մոսկվայից խորհուրդ են տվել հայերին ակնարկել, թե որքան հնարավոր է թող շատ նամակներ ուղարկեն Կրեմլ:

Մինչ այդ մենք մի քանի անգամ հավաքվել էինք գրականագետ Սողոմոն Սողոմոնյանի տանը, որտեղ գալիս էին նաև ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Տեր-Ղազարյանցը և գեներալ Սարգիս Մարտիրոսյանը: Քննարկում էինք մեր հետագա քայլերը: Որոշեցինք, որ ես, Պարույրը և Սողոմոնյանը պիտի գնանք Ղարաբաղ: Սողոմոնյանը նոր «Վոլգա» մեքենա ուներ: Ես ղեկին նստեցի ու առանց կանգառի քշեցինք մինչև Ստեփանակերտ: Մինչ այդ եղանք Գետաշենում: Ստեփանակերտում հանդիպեցինք պատմաբան, գրող Բագրատ ՈՒլուբաբյանին:

Հետո սկսեցինք շրջել գյուղերով: Մտնում էինք տները, խնդրում էինք կանչել համագյուղացիներին ու բացատրում էինք, որ եթե ուզում եք Ղարաբաղն անջատել, պիտի ձեր բողոք-նամակը գրեք Մոսկվա: Ասացինք նաև, որ նամակները կուղարկեք Երևան՝ այսինչ հասցեով:

ՈՒ սկսեց նամակների հոսքը: Յուրաքանչյուր 4-5 օրը մեկ հավաքվում էինք Սողոմոնի մոտ: Տեր-Ղազարյանցը մի մարդ էր գտել, որը Կենտկոմում քարտուղար էր և շաբաթը երկու անգամ հավաքված նամակնեըը տրցակներով տանում ու նետում էր Կրեմլի փոստարկղը:

Մեր հաշվարկներով, մոտ 10 հազար նամակ ուղարկեցինք: Դրանից հետո տեղեկություն ստացվեց, որ գումարվելու է Քաղբյուրոյի նիստ, որին հրավիրվելու են ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի առաջին քարտուղարը: Երեքի համաձայնությունն էր պետք: Տեր-Ղազարյանցից իմացանք, որ Վրաստանի Կենտկոմի երկրորդ քարտուղարը ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի հետ պիտի հանդիպեր սահմանագլխին:

Այնտեղ պիտի գային նաև Ղարաբաղի ղեկավարությունից: Սևակն այդ մասին իմանալուն պես ինձ ասաց.

«Արի գնանք Բադալի մոտ»:

Գիշերվա հավանաբար ժամը 1-ն էր: Նախ գնացինք նրանց տուն: Ներքևում հերթապահող միլիցիոներն ասաց, որ Բ. Մուրադյանը տանը չի:

Պարույրին ճանաչելուն պես մեզ թույլ տվեցին վերև բարձրանալ: Տանը Բադալի կինն էր: Նա զանգահարեց աշխատավայր և մեզ ասաց, որ ամուսինը դեռ այնտեղ է: Մենք գնացինք կառավարության շենք: Ոչ ոք չկար: Մինիստրների խորհրդում միայն նա էր. մենակ նստած աշխատում էր: Պատմեցինք մեր իմացածը: Նա արդեն նախապես այդ բոլորը գիտեր: Մեզ ասաց, որ այդ հանդիպումն իսկապես կայանալու է: Տաքացած Պարույրը նրան ասաց.

- Բադալ, որ էս գործը ձախողել եք, կգամ, ձեր բոլոր պատուհանները կկոտրեմ…

Բաժանվեցինք շատ բարձր տրամադրությամբ:

Ասեմ, որ մինչ այդ հանդիպել էինք նաև Անտոն Քոչինյանի հետ: Երբ նամակներն արդեն ուղարկել էինք, մեկ այլ նամակի տեքստ էլ կար, որ հանձնում էինք անվանի մարդկանց` ստորագրելու:

Նրանց մի մասը ստորագրեց, մյուսները հրաժարվեցին: Վախենում էին: Ես սովորաբար նրանց անունները չեմ տալիս, քանի որ, ըստ էության, լավ մարդիկ էին, պարզապես վախենում էին: Մեր այդ նամակն ուղարկելուց հետո Քոչինյանը մեզ՝ մոտ 10-12 հոգու կանչեց իր մոտ, գնացինք Սևակի հետ: Երկար զրուցում էինք…»:

1960-ականների կեսերին այն, ինչ անում և պահանջում էին Սևակն ու նրա համախոհները, խելահեղությանը հավասրազոր արարք էր: Սակայն եթե նույնիսկ նրանք գիտակցում կամ չէին գիտակցում իրենց քայլերի համարձակության աստիճանն ու հետևանքների լրջության չափը, այդ հանգամանքը դարձյալ արգելք չէր լինելու նպատակների այն ճանապարհին, որ նրանք էին տեսնում:

Նույն օրերի մասին թեև հպանցիկ, բայց հիշողությունների բեկորներ են պահպանվել նաև այլ աղբյուրներում: Դրանցից հատկանշական են Վարագ Առաքելյանի գրառումները` իբրև վկայություն Սևակի քաղաքացիական կեցվածքի, ստանձնած առաքելությունը մինչև վերջ հասցնելու համառ հետևողականության մասին:

«Պարույր Սևակը ստորագրությունների հավաքման ամենաեռանդուն մասնակիցներից էր,- պատմում է Վ. Առաքելյանը:

- Հիշում եմ, իմ աշխատասենյակն էին գալիս մարդիկ այս կամ այն բողոք-դիմում նամակները ստորագրելու: Պարույրը ժամերով ոտքի վրա էր, չէր նստում, բացատրում էր նամակների բովանդակությունը, ստորագրողներին գրիչ էր տալիս, ընդունում էր մարդկանց ու ճանապարհ դնում:

Ինչ լրջություն էր հաղորդում մեր գործունեությանը, ինչքան էր նվիրված ժողովրդի գործին, որքան էր գաղափարապաշտ ու հավատավոր: Նա հատուկ առաքելությամբ Սարգիս Մուրադյանի հետ մեկնեց Ղարաբաղ, այնտեղի հայ բնակչությանը կազմակերպելու համար:

Նա Մոսկվայում հանդիպումներ ունեցավ դիվանագետ Համո Հարությունյանի հետ, որը մեզնից պահանջում էր անդադրում բողոք-դիմումներ գրել առանց հուսահատվելու, առանց լքվելու, և մենք գրում էինք, և Պարույրը մեզ հետ էր միշտ, առաջին շարքերում:

Պարույրը ոչ մի անգամ չգանգատվեց, չդժգոհեց, թե ինչու՛ ենք իրեն էս տեսակ գործերի խառնում, չէ՞ որ ինքը բանաստեղծ է, և մենք ինչու՞ իրեն չեն խնայում:

Ընդհակառակը՝ մի սրբազան գիշեր, և դա 1965 թ. ապրիլի 25-ն էր, մենք միասին հանդիսավոր երդում տվեցինք մեր կյանքով ու արյունով ծառայելու և պայքարելու հայության ազատության համար, անկախության համար…»:

Բագրատ ՈՒլուբաբյանի հրապարակումներում ևս կա մի կարճ դրվագ, որը ոչ միայն հաստատում է Սևակի ղարաբաղյան ուղևորության փաստը, այլև վկայում այն հուզականությունը, որով ուղեկցվում էր նրա ամեն մի քայլը.

«…Հաջորդ օրն էլ եկան Պարույր Սևակն ու Սարգիս Մուրադյանը: Նրանց ևս ուղարկեցի Թարթառի ձոր: Թարթառի ձորում Պարույրը գինով էր և հաճարի ծառի տակից մի բուռ հող էր առել, երեսին էր քսում.

- Չմեռնենք, մինչև այն օրվան արժանանանք…»:

Իբրև հերթական արժանահավատ վկայագիր կարող է ծառայել նաև բանաստեղծ Աբրահամ Բախշունու հուշագրությունում տեղ գտած մի փոքրիկ պարբերություն, որտեղ հեղինակը գրում է.

«…Պարույր Սևակի հետ մեր մտերմությունը սկսվեց այն օրվանից, երբ նա Սողոմոն Սողոմոնյանի և Սարգիս Մուրադյանի հետ միասին եղան Խանլարում՝ իմ տանը»: Այդ առթիվ գրականագետ Սեյրան Գրիգորյանն իրավացիորեն նկատել է.

«…Բախշունու վկայած այցը (որ ամենայն հավանականությամբ վերաբերում է 1966-ին), կարծում ենք, Պարույր Սևակի ղարաբաղյան առաքելության մի կարևոր մասն է: Այս փաստի առկայությամբ ավելի շոշափելի են դառնում բանաստեղծի ծավալած ազգային-քաղաքական գործունեության մասին մեր պատկերացումները…»:

Այն տարիներին այս պատմությունները բերնեբերան էին անցնում` գունազարդումներով, չափազանցություններով, երբեմն էլ նաև մեղմ, բարի հումորով, որ միայն սիրուց ու հարգանքից էր ծնվում` շաղախված ընկերական անկեղծ զգացումներով: Հենց այդպիսին է պետք համարել Հրանտ Մաթևոսյանի մի պատմությունը, որ տարիներ առաջ նա զրույնցներից մեկի ժամանակ հիշել ու փոխանեցել է մտերիմներին: Ահա մի հատված դրա սղագրությունից.

«…Սևակը, Սիրավը (նկատի ունի Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանին- Հ. Չ.) ու էլի մեկը, քեֆները հազար է ու մի նկարչի մեքենայով գնում են Ղարաբաղը գրավելու։ 68 կամ 70 թիվն է, որ Տեղ գյուղ են հասնում և ուր որ է Ղարաբաղը պիտի գրավեն, գինին թողնում է։ Կանգ են առնում գյուղամիջում։ Գյուղացիներից մեկը՝ Սևակին ճանաչելով, տուն է հրավիրում, ոչխար են մորթում («ոչխա՜ր ենք մորթել, ոչխա՜ր»)։ Տղերքը նորից գինի են խմում և ոգիներն էլ նորից անկոտրում է, մարտական են երգում։ ՈՒտում են, խմում ու երգում։ ՈՒ մեկ էլ տանտերը տեսնում է, որ սեղանը դատարկ է։ Մորթած խոյն է հիշում՝ ցլիկի չափ, սեղանին է նայում ու գոռում է, թե՝ այ կնիկ, կարտոլ էփի, կարտոլ, սրանց հախից կարտոլը կգա, սրանք Ղարաբաղը գրավողը չեն»։

Կատակը` կատակ, սակայն իրենց ձեռնարկի ճակատագիրը,

Ղարաբաղի ապագայի մասին մտահոգությունները մշտապես ուղեկցում էին Սևակին: Արագ ոգևորվելու և նույնքան էլ հեշտությամբ ծանր ապրումների մեջ ընկնելու բանաստեղծի էությունը անհնար էր դարձնում կացության տարուբերումները շրջանցելու հավանականությունը:

Իսկ դրանք իրենց կնիքն էին թողնում նրա առօրյայի, խոհերի, հոգսերի ու ծրագրերի վրա: Այս հակասական տրամադրությունների, մեկը մյուսին հաջորդող հույսերի և հուսահատության ժամերի մասին հետագայում իր դիտարկումներն է թղթին հանձնել Պարույր Սևակի մտերիմներից Վարազդատ Գրիգորյանը:

«Իր որջ գիտակցական կյանքում, - գրում է Վ. Գրիգորյանը,- Պարույր Սևակը երբեք մտահան չարեց արցախյան հարցը: Վերջինս նրա համար եղավ ու մինչև վերջ էլ մնաց որպես արյունոտ մի վերք:

Մի անգամ ես նրա հյուրն էի իր երևանյան բնակարանում: Այն ժամանակներն էին, երբ Հայկոմկուսի Կենտկոմն ու հանրապետության կառավարությունը համատեղ որոշում էին կայացրել ու այն ուղարկել էին Մոսկվա՝ Արցախի հարցին դրական լուծում տալու խնդրանքով: Պարույրի տրամադրությունից կարելի էր կռահել, որ նա առանձնակի ակնկալիքներ չուներ:

- Ես համոզված եմ, - մտահոգ ասաց նա, - որ այս անգամ էլ մեզ խաբում են, և Արցախն էլի թողնելու են Ադրբեջանի կազմում: Բայց ափսոս, շատ ափսոս, մեր այդ սքանչելի երկրամասն ու նրա հերոսական ժողովուրդը: Դեռևս ցարի օրոք նրա լավագույն զավակները լայն ճանաչում են վայելել ու միշտ էլ բարձր պատվի ու պարգևների արժանացել: Եվ այդպիսիների թիվը հարյուրների է հասնում: Իսկ հիմա՝ մեր օրերում նրանց անունները կարծես թե մոռացվում են: ՈՒ հավատացնում եմ, եթե մեր երկրում մթնոլորտն այսպես շարունակվի, ապա հեռու չէ այն պահը, երբ Արցախի շատ ու շատ նվիրական զավակների անուններ էլ մոռացության մշուշով կպատվեն:

Հետո, փոքր-ինչ ընդմիջում տալով, շարունակեց.

- Քսանական թվականների ընդգծված հակահայկական ու թուրքամետ կառավարական որոշումների պատճառով արցախահայությունը շատ անլուր տառապանքներ ու հալածանքներ կրեց: Արգելվեց անգամ դպրոցներում իր ժողովրդի պատմությունը սովորել: Չգիտեմ ով՝ ինչպես, բայց ես այս հոգեմաշ ցավերից ոչ մի վայրկյան հանգիստ չունեմ: Ինձ, օրինակ, շատ մեծ ցավ է պատճառում, որ մեր օրերում, մեր իսկ աչքի առաջ թուրքերն անամոթաբար աղավաղում են մեր պատմությունը…

Այդ այն օրերն էին, երբ, ինչպես Պարույրը նկատեց, բունիաթովները, աղաևները և էլի շատ ուրիշ վայ- գիտնականներ եռանդուն ջանքեր էին թափում հայ ժողովրդի պատմությունը կեղծելու ու աղավաղելու ասպարեզում: Իր դոկտորական թեզում Աղաևը զառանցում էր, թե փոքր ազգերը շուտ թե ուշ պետք է ձուլվեն մեծ ազգերի մեջ և աստիճանաբար վերանան պատմության թատերաբեմից, որ հայերն ու վրացիները, որպես փոքր ժողովուրդներ, պետք է ներառվեն ադրբեջանական ազգի մեջ, և այսպիսով Անդրկովկասը կվերածվի մի մեծ ու ամբողջական ադրբեջանական երկրամասի: Եվ իր համարձակ խառնվածքին հավատարիմ՝ Սևակը որոշեց հանդես գալ այդ ստոր նկրտումների դեմ ու վճռական ճակատամարտ տալ: Նա ռուսերեն լեզվով մի ծավալուն ու ջախջախիչ հոդված տպագրեց «Պատմաբանասիրական հանդեսում», որտեղ հիմնովին ապացուցեց ադրբեջանցի պատմաբանների տեսակետների սնանկությունը ու հակամարդկային էությունը…»:

Թե ինչ ավարտ ունեցավ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու այն տարիների աննախադեպ ձեռնարկը, հանրահայտ փաստ է: Սակայն ցավալի վերջաբանը ոչ միայն չկոտրեց նրանց կամքը, ովքեր կանգնած էին այդ փորձի ակունքներում, այլև բազմապատկեց համակիրների թիվը, լրացուցիչ խթան տվեց պատմության փակ էջերին ծանոթանալու, Արցախի հարցը նոր հանգամանքների և իրավիճակների լույսի տակ քննելու համար: Իսկ Սևակը մինչև իր ողբերգական մահը եղավ ու մնաց դրա երդվյալ ջատագովը թե իր գրչով, թե իր ապրած օրերի արժանապատվությամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Դիտվել է՝ 5370

Մեկնաբանություններ